Աշխարհի առաջին համակարգիչը, որն աշխատանքում օգտագործել է միայն էլեկտրոնային բաղադրիչներ, մշակվել և ստեղծվել է հեռավոր 1941 թվականին: IBM ընկերության (այն ժամանակ արտադրում էր բանջարահատիչի տիպի կենցաղային իրեր) 5 ինժեներ՝ Հարվարդի համալսարանի ամերիկացի մաթեմատիկոս Հովարդ Էյքենի գլխավորությամբ, կյանքի են կոչում գյուտարար Չառլզ Բեբբիջի գաղափարները, ով դեռ 1833 թվականին մշակել էր ունիվերսալ թվային հաշվիչ մեքենայի նախագիծը, սակայն այն ժամանակվա տեխնոլոգիաների ցածր մակարդակի պատճառով չէր կարողացել իրագործել:
Ինժեներների ստեղծած հրաշքը ստանում է «Մարկ-1» անվանումը: Իրականում, մեքենան սկզբում կոչել են «Ավտոմատ հաջորդականությամբ վերահսկվող հաշվիչ», սակայն բանն այն է, որ համակարգչի գործարկման արարողության ժամանակ Հովարդ Էյքենը չի հիշատակել մեքենայի ստեղծման գործում IBM-ի որևէ դերակատարության մասին: Արդյունքում հովանավորները ետ են կանգնել, իսկ համակարգչի անվանումը ստիպված են եղել փոխել:
Համակարգչի առաջին պաշտոնական գործարկումը տեղի է ունեցել 1944 թվականի օգոստոսի 7-ին: «Մարկը» կարողանում էր 3 վայրկյանում գումարել և հանել, իսկ բազմապատկում և բաժանում էր փոքր-ինչ ավելի երկար՝ համապատասխանաբար 6 և 15,3 վայրկյանում: Ըստ էության, դա հաշվիչ էր, ընդ որում՝ շատ թույլ, եթե հաշվի առնենք ժամանակակիցների հնարավորությունները: Սակայն դեռ 1944 թվականն էր, և մեքենան, որ առանց մարդու մասնակցության ունակ էր մաթեմատիկական գործողություններ կատարել, մեծ առաջընթաց էր:
Առաջին համակարգիչն անհնար էր դնել սեղանին կամ ձեզ հետ անկողին մտցնել: Այն 4,5 տոննա կշռող գիգանտ էր: «Մարկի» լարերի ընդհանուր երկարությունը կազմում էր 800 կմ, իսկ բաղադրիչ մասերի քանակը հասնում էր 765 հազարի: Այս ամենը տեղավորվում էր 17 մետր երկարության և 2,5 մետր բարձրության, չժանգոտող պողպատից և ապակուց կազմված կորպուսում:
Նախագծի արժեքը կազմել է 500 հազար դոլար, որն այն ժամանակների համար վիթխարի գումար էր:
Արժե նշել, որ գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեի հաշվիչ մեքենան ստեղծվել է ավելի վաղ՝ 1938 թվականին, սակայն այն կազմված էր մեխանիկական հիմքի վրա: Այդ իսկ պատճառով՝ «Մարկ-1»-ը, ըստ էության, առաջինը չէ, սակայն առաջինն է, որը կազմված է միայն էլեկտրական բաղադրիչներից, ինչն էլ այն դարձնում է ավելի մոտ այն բանին, որը սովոր են անվանել համակարգիչ:
1